Ռուդիկ Հարոյան
Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը հիմնադրվել է 1986թ. տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բանահավաք-ազգագրագետ, պարագետ, պարուսույց Ռուդիկ Հարոյանի և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի փիլիսոփայության դասախոս Սիրազնիկ Հարությունյանի նախաձեռնությամբ` որպես Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գեղարվեստական խումբ: Գործել է մինչև 1989թ.:
2007թ. Ռուդիկ Հարոյանը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում կրկին վերաբացել է «Մասունքը»` խմբի նոր կազմով: 2007-2010թթ. խմբի երգուսույցն ու երաժշտական մասի ղեկավարն է եղել Մարինե Մկրտչյանը:
2010թ.-ի հուլիսից խմբի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: 2011թ. հոկտեմբերի 4-ից Ռուդիկ Հարոյանի սաներ Լուսինե Մկրտչյանի և Հայարփի Անանյան նախաձեռնությամբ ու ջանքերով խումբը նոր եռանդով սկսել է շարունակել իր գործունեությունը և 2012թ.-ի ապրիլից մինչև 2014թ. սեպտեմբերը գործել է Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» ՀԿ-ի հովանու ներքո:
2017թ.-ի հունվարի 24-ից «Մասունքը» կրում է Ռուդիկ Հարոյանի անունը:
Ռուդիկ Հարոյանի բանահավաքչական նվիրյալ գործունեության շնորհիվ՝ «Մասունքը» ներկայացնում է Ջավախքի, Փերիայի, Վանի, Վասպուրականի, Կարնո, Մուսալեռան, Մուշի, Տարոնի և այլ շրջանների ավանդական երգի, պարի ու պարերգի բացառիկ նմուշներ:
Խմբի նպատակն է միանգամայն անխառն ներկայացնել և տարածել մեր ազգային ավանդական երգի ու պարի թանկ նշխարներ ու մասունքները, վերականգնել հայկական ավանդական տոներն ու ծեսերը և դրանք վերադարձնել ժողովրդին: